Մատչելիության հղումներ

Ի՞նչ էին փնտրում իրավապահները Առողջապահության նախարարությունում և «Ուիգմոր» հիվանդանոցում


Ի՞նչ էին փնտրում իրավապահները Առողջապահության նախարարությունում և «Ուիգմոր» հիվանդանոցում. արդյոք պատճառը պետպատվերի չարաշահումնե՞րն են. 4-րդ օրն է՝ այս հարցերն անպատասխան են։

Ինչո՞ւ, ի՞նչ քրեական գործի շրջանակում Քննչական կոմիտեի քննիչները նույն օրը հայտնվեցին նաև մասնավոր բժշկական կենտրոնում, «Ուիգմոր»-ից ասում են՝ չեն կարող հայտնել, նախաքննություն է ընթանում։ Միայն հերքում են խուզարկությանը հաջորդած լուրը։

Հրաչուհի Ղազարյան
Հրաչուհի Ղազարյան

«Որևէ ձերբակալված կամ բերման ենթարկված անձ մեր գործընկերներից չունենք», - ասաց հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն Հրաչուհի Ղազարյանը:

Մինչ այս պահը, սակայն, պաշտոնապես չի հերքվել, որ հնարավոր է խուզարկությունները պետպատվերի չարաշահումներին են առնչվում։ «Առողջության իրավունք» իրավապաշտպան կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանն էլ չի բացառում այս հնարավորությունը։

Պետպատվերի գումարը բուժհաստատություններին բաշխող կառույցի նախկին ղեկավարն աննախադեպ է համարում, որ նորաստեղծ բժշկական կենտրոնին պետությունը անցած տարի միանգամից 600 մլն դրամ է տրամադրել։

«Ոչ միայն ես չեմ հիշում, այլ չի եղել նման դեպք, որ մենք այդպիսի մեջ պետական պատվեր տանք հենց նոր բացված կլինիկային, եթե նույնիսկ ինքը հարակից այլ խնդիրների հետ է կապված, կարծում եմ, որ իրավապահները կանդրադառնան», - նշեց «Առողջության իրավունք» իրավապաշտպան կազմակերպության համանախագահ
Ծաղիկ Վարդանյանը:

Իր ղեկավարած կառույցում խուզարկության պատճառները չբացահայտող նախարար Անահիտ Ավանեսյանը պնդում է՝ նորաբաց «Ուիգմոր»-ին մոտ 600 միլիոն հատկացրել են՝ հաշվի առնելով հիվանդանոցի կարողությունները. - «Այդ ընթացակարգերը պահպանված են, որևէ մեծության, փոքրության հետ կապված հարցերը, կարծում եմ, անհիմն են»:

2022-ին բացված բժշկական կենտրոնում աննախադեպ են համարում իրենց ձեռքբերումները կարճ ժամանակահատվածում։ Վստահեցնում՝ ամբողջությամբ օտարերկրյա ներդրումներով է ստեղծվել բազմապրոֆիլ հիվանդանոցը։ Հիմա դեռ չեն բացահայտում ներդրողների անունները։

Զավեն Քոլոյան
Զավեն Քոլոյան

«Էն գումարը, որ առաջարկեց պետությունը, դա 600 միլիոնն էր, մենք դրա հետ էդքան էլ համամիտ չէինք, որովհետև մեր պատկերացումով մեր ծավալները շատ ավելի շատ պետք է լինեին ու նաև համեմատած մյուս հիվանդանոցների հետ, որտեղ գրեթե 4 անգամ ավելի շատ էր պետպատվերի ծավալը, այնուամենայնիվ, մենք մտանք այդ պարտավորության տակ և ի վերջո գերակատարեցինք այդ 600 միլիոնը», - ասաց «Ուիգմոր»-ի հիմնադիր տնօրեն Զավեն Քոլոյանը:

Առողջապահության կազմակերպիչ Ծաղիկ Վարդանյանը տարօրինակ է համարում նաև, որ պետական առողջապահական գործակալության ղեկավար է նշանակվել «Ուիգմոր»-ի նախկին աշխատակիցը։ Ահարոն Բարսեղյանը մեկ ամիս առաջ է հեռացել պաշտոնից։ «Ազատության» աղբյուրները հայտնում են, որ նախկին պաշտոնյան անցնում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրգործով, բայց մեղադրյալ չէ։ Այս դեպքում էլ հստակ չէ՝ արդյոք այդ գործը կապ ունի խուզարկությունների հետ։

Ծաղիկ Վարդանյան
Ծաղիկ Վարդանյան

«Կլինիկան նոր է աշխատում, մանկաբարձությունը նոր է սկսում և եթե նույնիսկ վերապահումով այս կլինիկային տրվել է, ապա պետք է բացատրել՝ ինչի՞ է անընդհատ վերապահումները հենց այս կլինիկայից», - նշեց Ծաղիկ Վարդանյանը:

«Ուգիմոր»-ում անհիմն են որակում որևէ տեսակ հովանավորչության, կոռուպցիոն ռիսկերի մասին հայտարարությունները ու նաև հերքում են, թե որևէ կապ ունեն առողջապահության նախարարի հետ։ Բուժական գծով տնօրենը շեշտում է՝ իրենք առողջապահական ոլորտում նոր չեն, գործունեությունը սկսել են անհամեմատ փոքր տարածքում, այլ վայրում՝ դեռ 2017 թվականին ստեղծելով «Ուիգմոր Քլինիք» օրթոպեդիայի կենտրոնը։

«3-րդ մակարդակի հիվանդանոց լինել ի՞նչ է նշանակում, նշանակում է երկրի սահմանած ամենաբարձր մակարդակին համապատասխան ունենալ ենթակառուցվածքներ ու ծառայություններ, կարողանալ կազմակերպել ծանր, խրոնիկ և հազվադեպ հանդիպող հիվանդությունների վարումն ու ամենակարևոր կետերից մեկը՝ ունենալ սանավիացիայի ծառայություն, այսինքն, ծանր վերակենդանացման միջոցներ պահանջող երեխաներին մարզերից տեղափոխել Երևան: Այս բոլոր նշված կետերին մեր հիվանդանոցը համապատասխան է», - ներկայացրեց Հրաչուհի Ղազարյանը:

Նախարարին էլ է հայտարարում՝ մասնավոր բժշկական կենտրոնը երրորդ աստիճան է ստացել՝ համապատասխանելով պետության սահմանած չափորոշիչներին, նաև հայտնում է, որ իրեն վերջին շրջանում որևէ գործով իրավապահները չեն հարցաքննել։ Անահիտ Ավանեսյանը դարձյալ հերքում է իր որևէ առնչությունը մասնավոր կլինիկայի հետ, դրա վերաբերյալ խոսակցություններին կտրուկ է արձագանքում։

«Ես դա համարում եմ անհիմն, կեղծ, ստահոդ բամբասանքներ», - նշեց նախարարը:

Քննչական կոմիտեից մինչ այս պահը միայն հաստատում են՝ ապրիլի 16-ի խուզարկությունների քրգործով որևէ պաշտոնյա կամ այլ քաղաքացի չի ձերբակալվել ու որևէ մեղադրյալ չկա։ Իսկ գործի մանրամասները չհանրայնացնելը հիմնավորում են նախաքննության գաղտնիությամբ։

Առողջապահության նախարարությունում անցած տարի քրեական գործ էր հարուցվել նաև քովիդի շրջանում պետական գումարներ յուրացման համար, մեղադրյալների շարքում պաշտոնյաներից բացի մասնավոր հիվանդանոցների ղեկավարներ կան, այս գործը դեռ դատարան չի մտել։

XS
SM
MD
LG