Մատչելիության հղումներ

Քարտեզ. Ի՞նչ են նախնական պայմանավորվել Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում սահմանազատման հարցում


Քարտեզը՝ «Արմենպրես»-ից
Քարտեզը՝ «Արմենպրես»-ից

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման, հայտարարել է վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ պատասխանելով աահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների այսօր ունեցած հանդիպումից հետո տարածած հաղորդագրության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին:

Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:

Հրապարակած քարտեզից պարզ է դառնում՝ Ադրբեջանը կմոտենա միջպետական ճանապարհին, նրա մի մասը Կիրանցի հատվածում կանցնի Բաքվի վերահսկողության տակ: Քարտեզն արտացոլում է ԽՍՀՄ ժամանակների սահմանն ու սպասվող փոփոխությունը: Ներկայումս առկա իրավիճակը դիտեք մեր ինտերակտիվ քարտեզում.

Ի՞նչ են պահանջում իրարից Երևանն ու Բաքուն. Տավուշ-Ղազախի գյուղերը՝ եռաչափ քարտեզով
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00

«Արմենպրես»-ի հարցին, թե ո՞ր թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում այս գործընթացը, վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:

«Կարևոր նրբությունն այն է, որ համաձայն Հանձնաժողովների տարածած հայտարարության, վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները: Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Կարևոր է նաև արձանագրել՝ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքը պետք է արձանագրվի նաև Սահմանազատման գործընթացի Կանոնակարգի մեջ, որն առաջիկա ամիսներին կհամաձայնեցվի կողմերի միջև և կանցնի անհրաժեշտ ներպետական համաձայնեցումների՝ ներառյալ խորհրդարանում հաստատման գործընթաց», - նշված է պատասխանում:

Հարցին էլ՝ այն, որ հայտարարությունում նշվում է նաև, որ եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրում կարձանագրվի Ալմա-Աթայի հռչակագրից տարբերվող այլ հիմնարար սկզբունք, սահմանազատման Կանոնակարգը կհամապատասխանեցվի այդ սկզբունքին, արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարման հիմք չի ստեղծում, կառավարությունից արձագանքել են՝ «ոչ»:

«Հանձնաժողովները պարզապես արձանագրել են, որ իրենք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող ֆորմատ չեն: Այդ պայմանագիրը բանակցվում է այլ ֆորմատով եւ ունենալու է ավելի բարձր կարգավիճակ, նրա ուժի մեջ մտնելուց հետո, եթե պարզվի, որ Կանոնակարգը հակասություն ունի ավելի բարձր իրավական նշանակության փաստաթղթի հետ, այն պետք է համապատասխանեցվի դրան, որովհետեւ կրկնենք՝ Խաղաղության պայմանագրի կարգավիճակը շատ ավելի բարձր է: Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար, եւ այն որպես բազային սկզբունք արդեն իսկ համաձայնեցված է բարձրագույն մակարդակում»:

Անդրադառնալով անկլավ/էքսկլավների վերաբերյալ հարցին՝ վարչապետի աշխատակազմը նշել է՝ հանձնաժողովները պայմանավորվել են, որ «Կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնելու են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մնացած հատվածների սահմանազատման հերթականությունը (այսինքն՝ հաջորդիվ սահմանի ո՞ր հատվածներն են վերարտադրվելու) և այս համատեքստում անդրադարձ են կատարելու նաեւ անկլավ/էքսկլավների հարցին: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել այս խնդրից, որովհետև Արծվաշենը մեր երկրի ինքնիշխան տարածքի մի մասն է»:

«Մենք պատրաստվում ենք սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավ/անկլավի գոյությունը, և նման հիմնավորումներ ՀՀ կառավարությունն ունի, որից հետո արդեն կիրականացվի սահմանազատման բուն գործընթացն Արծվաշենի շուրջ: Իսկ թե այս արձանագրումից հետո ի՞նչ քաղաքական լուծում կստանա խնդիրը, այլ հարց է: Սահմանազատման գործընթացում նախ պետք է դե յուրե հիմնավորվի էքսկլավ/անկլավների գոյությունը», - նշված է պատասխանում:

Դիտարկմանը՝ «փաստորեն սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են սահմանապահ զորքերին, ի՞նչ ժամկետներում է դա տեղի ունենալու», վարչապետի աշխատակազմի արձագանքել են՝ «դա տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում՝ առանց արհեստական ձգձգումների»:

Իսկ արդյոք գործընթացի արդյունքում հայաստանյան որևէ գյուղ զրկվո՞ւմ է ճանապարհից, կառավարությունից հայտարարել են՝ ոչ. - «Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ և կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջեւան ճանապարհը: Նկատի ունենք, Կիրանցն ունի նաև այլընտրանքային ճանապարհ, և գործնականում էական խնդիրներ չկան»:

Վարչապետի աշխատակազմից նաև հավելել են, որ՝ «այս փուլում նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում»:

Թե ինչպե՞ս է ապահովվելու այդ գյուղերի անվտանգությունը, ըստ հրապարակման, կառավարությունից պատասխանել են. - «Նախ արձանագրենք, որ Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղերին և նրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ: Այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման: Սա առանցքային գործոն է, եւ չմոռանանք նաև, որ սահմանի պահպանությունն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահները: Բայցի այդ, անվտանգության ապահովման բազմաթիվ մանրամասներ կան, որոնք նույնպես առաջիկա շրջանում քննարկման և դետալացման կարժանանան»:

Վարչապետի աշխատակազմից ընդգծել են, որ Հայաստանն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում

«Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ, ինչպես արդեն նշվեց վերը, առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպես նշանակալի իրադարձություն: Հայաստանի Հանրապետությունը նաև ստանում է գործուն հարթակ և հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG