Մատչելիության հղումներ

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը


Եվրամիության և Հայաստանի դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց, արխիվ
Եվրամիության և Հայաստանի դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց, արխիվ

Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։

Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել 10 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին Եվրամիության Խաղաղության հիմնադրամից, որը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում խաղաղությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար:

Հայաստանն այս հիմնադրամից օգնություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի:

Ըստ դիվանագիտական փաստաթղթերի, այդ գումարով պետք է մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծվեր, որը պետք է ներառեր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

«Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», - ասված է փաստաթղթում, որի ընդունումը, սակայն, մի քանի շաբաթ է՝ արգելափակվում է Հունգարիայի կողմից։

Բուդապեշտը պահանջում է, որ Ադրբեջանն էլ օգնություն ստանա ականազերծման համար: Խնդիրը, սակայն, այն է, որ Բաքուն այդ հարցով Եվրամիությանը չի դիմել, իսկ քանի դեռ չի դիմել, Եվրամիությունը ցանկության դեպքում անգամ չի կարող ընդառաջել: Ուստի գործընթացը վերջնականապես կարող է հայտնվել փակուղում:

Այս պահին հստակ չէ՝ երբ և ինչպես կարող է հարցը հանգուցալուծվել, քննարկումները շարունակվում են, փոխանցում է «Ազատության» դիվանագիտական աղբյուրը:

Անցած տարիներին ԵՄ Խաղաղության հիմնադրամից օգնություն են ստացել անդամակցության ձգտող Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ աֆրիկյան երկրներ՝ Սոմալիից մինչև Կոնգո:

XS
SM
MD
LG