Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետն ու նախագահը շնորհավորել են Աշխատանքի օրվա առթիվ


Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Հայաստանի վարչապետն ու նախագահը շնորհավորել են Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Վարչապետն Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում համոզմունք է հայտնել՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ և հսավելել՝ «կառավարության ջանքերն ուղղված են միջին սերնդի ներկայացուցիչների համար վերապատրաստումների, որակավորման բարձրացման հնարավորություններ ու մոտիվացիա ստեղծելուն»:

«Աղքատության հաղթահարման ճանապարհին ամենակարևոր երկարաժամկետ անելիքը կրթության ոլորտի՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության բարեփոխումներն են՝ այն նպատակադրմամբ, որ կրթական համակարգը պետք է բացահայտի մարդու տաղանդը, նրան սիրած աշխատանքով զբաղվելու և աշխատանքի մեջ երջանիկ լինելու, ազատ և բարեկեցիկ ապրելու հնարավորություն տա», - նշել է Փաշինյանը:

Վարչապետը նաև իր ուղերձում ընդգծել է. - «Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա: Ոչ աշխատունակ կամ սահմանափակ աշխատունակ մարդկանց պարագան բոլորովին այլ իրադրություն է, չնայած վերջին խմբի մեր համաքաղաքացիներին էլ ասվածն առնվազն որոշ մասով կարող է առնչվել: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքներին՝ կարևորագույն այս խնդրի լուծումը ոչ միայն պատշաճ օրենքների ու կարգավորումների մեջ է, այլև գործատուների և գործավորների շահագրգիռ և գիտելիքահեն հարաբերությունների»:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ նշել է՝ «մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»:

«Մեր պետականությունն անցած ավելի քան երեք տասնամյակի ընթացքում դիմագրավել է բազմաթիվ փորձությունների և մարտահրավերների՝ պատերազմների, տնտեսական ճգնաժամերի, հասարակական-քաղաքական կյանքում շրջադարձային փոփոխությունների: Այդ դիմակայությունը, թեկուզ և լարված ճիգով, ցույց է տալիս, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական ու անձնվեր աշխատանքի ու պատասխանատվության միջոցով, - ընդգծել է նա և հավելել, - մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխավոր գրավականը բոլորիս՝ պաշտոնյայի, զինվորականի, բանվորի ու գիտնականի, ուսուցչի ու արհեստավորի ստեղծագործ, անդուլ ու միասնական աշխատանքը, որի արդյունքում էլ կերտվում է զարգացած, ժողովրդավար ու բարգավաճող Հայաստանի Հանրապետությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG